English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Գլխավոր
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, հիմնադրվելով 2002 թվականի նոյեմբերին, իր գործունեությունը ծավալեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման, զարգացման, առկա բնակչության հիմնավորման ուղղությամբ:

Ստեղծվեցին նոր բնակավայրեր, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման միջոցով  սահմանամերձ, մեկուսացած պատերազմական գոտիներում մի շարք համայնքներ մի փոքր ավելի ամրապնդվեցին:

2004 թվականից սկսած «Երկիր» միությունը ձեռնամուխ եղավ Արցախի սահմանամերձ տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների հետազոտման, պեղման եւ բացահայտման ուղղությամբ աշխատանքնեի իրականացմանը:

2002-ից առ 2005 թվականը «Երկիր» միության գործունեության ընթացքում մենք գնալով ավելի ու ավելի էինք համակվում հայ ժողովրդի համար ծառացած սարսափելի վտանգի գիտակցությամբ, որն է` ժողովրդագրական համաղետը:

Հիմնախնդրի լուծման հիմնական բանալին մեր կողմից համարվեց ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ:

2005 թվականին մենք մշակեցինք «Դեպի Արարատ»  հայրենադարձության ազգային ծրագիր եւ Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի նախագիծ եւ առայսօր հետեւողական ջանքեր ենք գործադրում սփյուռքյան կազմակերպություններին, բայց նաեւ, եւ ամենաառաջնային կերպով` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին մղել դեպի հայրենադարձության ծրագրի գործնական իրականացումը:

Ժողովրդագրական սպառնալիքները առավել ակնառու դարձնելու եւ հայրենի պետությունների ու սփյուռքյան  գիտակցությունն արթնացնելու համար, բայց նաեւ գործնական ծրագրեր հուշելու նպատակով` 2006 թվականից «Երկիր» միությունը սկսեց հրատարակել «Եզերք» հանդեսը եւ նրան կից մատենաշարը:

Գիտակցելով, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից դուրս Հայկական բարձրավանդակի տարածքներում, մասնավորապես` Ջավախքում ապրող հայությունը նույնպես հայտնվել է արտագաղթի եւ հայրենալքության գործընթացներում, ինչը հետեւանք է ոչ այնքան սոցիալ-տնտեսական թերզարգացվածության, այլ նրանց որպես ազգային փոքրամասնություն իրավունքերի ոտնահարման, «Երկիր» միությունը 2006 թվայկանից սկսած միջազգային ատյաններում պայքարում է վիրահայության իրավունքների (լեզվի, խղճի ազատության, իշխանության մարմիններում բավարար ներկայացվածության  եւ այլն) պաշտպանության ուղղությամբ:

2008 թվականի սկզբին «Երկիր» միությունը հաստատում է իր գործունեության գլխավոր նպատակը` աշխարհասփյուռ հայ ժողովրդի կենտրոնացումը Հայրենիքում եւ նրա շուրջ: Նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ դիրքը, երկրի պատմա-քաղաքական ծանր ժառանգությունը, եւ նամանավանդ, 21-րդ դարի մեծագույն մարտահրավեր հանդիսացող համաշխարհայնացումը, «Երկիր» միությունը գտնում է, որ միայն ժողովրդագրական անդունդից դուրս գալու ճանապարհով մենք հնարավորություն կստանանք համարժեք կերպով դիմագրավելու մեզ սպառնացող մարտահրավերներին, հնարավորություն կստանանք ստեղծելու կայուն երաշխիքներ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյատեւման եւ զարգացման համար:

«Երկիր» միության ծրագրերի աշխարհագրությունը
 


Նորություններ
30.05.2008

Մտահոգվելով Թբիլիսիի «Նորաշեն» հայկական եկեղեցու շուրջ ծավալված զարգացումներով` «Երկիր» Միությունը կազմել է միջազգային հանրությանն ուղղված դիմում:

2008 թվականի մայիսի 29-ին դիմումը հանձնվել է Վրաստանի պետական մարմիններին (նախագահին, վարչապետին, խորհրդարանի ղեկավարին, ինտեգրացիայի հարցերով պետական նախարարին, արտաքին գործերի նախարարին, կրթության և գիտության նախարարին, ներքին գործերի նախարարին, մշակույթի, հուշարձանների պահպանման և սպորտի նախարարին), Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական Միության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Շվեյցարական Համադաշնության, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Վատիկանի դեսպանություններին, Վրաստանում Եվրախորհրդի, Միացյալ Ազգերի, ԵԱՀԿ-ի ներկայացչություններին, Վրաստանում գործող իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

more
Կարդալ բոլոր նորությունները